Ջնջե՛լ արտաքին պարտքը

ՍեւԲիբար
Սեւ Բիբար (Sev Bibar)
6 min readOct 21, 2021

--

Նկարը՝ Namita Sunilի

«Պրոգրեսիվ ինթերնեշընըլի» պարտքային (ան)արդարության նվիրված շարքից թարգմանել ենք եւս մի հոդված, Delete the Debt: Africa’s Liberation from Debt Supremacy-ն, որի հեղինակներն են Գիլադ Իսահակն ու Սոնյա Ֆալացեն։ Ֆալացեն Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում տեղակայված՝ Տնտեսական արդարության ինստիտուտի հետազոտող է, Իսահակը՝ Ինստիտուտի տնօրենը։

Երբ ՔՈՎԻԴ-19-ը շանթահարեց ողջ աշխարհը, դրան տրվեց «մեծ հավասարիչ» (great equalizer) անվանումը: Սակայն երկար ժամանակ չպահանջվեց տեսնելու, որ այն շատ հեռու էր հավասարիչ լինելուց․ գլոբալ հյուսիսի հարուստ երկրները սկսեցին ֆինանսներ ներարկել առողջապահական համակարգ ու տնտեսություն, մինչդեռ գլոբալ հարավի երկրները հարուստ աշխարհի մասնավոր, պետական ու բազմակողմ վարկատուներին պարտքի տոկոսադրույքներ էին վճարում։

Աֆրիկայի մեծ մտավորական Սամիր Ամինը պնդում էր, որ գլոբալ կապիտալիզմն ու դրանում արմատացած՝ կենտրոնի ու ծայրամասի անհավասար հարաբերությունը վերարտադրվել են հինգ մենաշնորհների միջոցով, որոնցից մեկը ֆինանսների նկատմամբ մենաշնորհն էր։ Այս հոդվածը կոչ է անում վերջ տալ այդ մենաշնորհին ու պարտիշխանությանը։

ՔՈՎԻԴ-19 համավարակից ի վեր Աֆրիկյան շատ երկրների, հատկապես՝ [հումքային ու լայն սպառման] ապրանքների արտահանումից կախյալ (commodity-dependent) պետությունների, ինչպես օրինակ՝ Մոզամբիկի, Կոնգոյի և Ջիբուտիի, արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը անցել է 100 տոկոսը՝ ստիպելով անհնարին ընտրություն կատարել պարտքը վերադարձնելու և համավարակից բխող կարիքները հոգալու միջև։ 2020թ․ նոյեմբերին Զամբիան դարձավ առաջին աֆրիկյան երկիրը, որը դեֆոլտ հայտարարեց իր 425 միլիոն դոլարի եվրոպարտատոմսերի վերադարձի նկատմամբ։ Մինչ հարուստ աշխարհը պարտք է վերցնում ռեկորդային ցածր (զրոյին մոտ) տոկոսադրույքներով, աֆրիկյան երկրները պետական տասնամյա պարտատոմսերի համար վճարում են 5–16% տոկոսադրույք։

Պարտքի մեղմացումն ու չեղարկումը միակ կենսունակ եղանակն է, որպեսզի աֆրիկյան երկրները շնչելու տեղ ունենան և համավարակի ժամանակ առաջնահերթ դարձնեն կյանքեր փրկելը, իսկ դրանից հետո կարողանան արդար կերպ ոտքի կանգնել։

Պարտքի բեռը

Պարտքի բեռը կարող է ջախջախիչ լինել։ Մինչև 2020թ․ վերջը աֆրիկյան կառավարությունները պետական բյուջեներով նախատեսել էին ՀՆԱ-ի շուրջ 2․6%-ը հատկացնել ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված ծախսերին. որպես համեմատություն՝ G20-ի երկրներում նույն ծախսերի բյուջետավորումը ՀՆԱ-ի 11․2 % էր։ Նույնիսկ նախքան ՔՈՎԻԴ-19-ի ճգնաժամը 30 աֆրիկյան երկիր արտաքին պարտքը սպասարկելու վրա ավելի շատ գումար էր ծախսում, քան՝ առողջապահության վրա։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ համավարակն արդեն իսկ հարուցել է վերջին 25 տարվա ընթացքում Ենթասահարական Աֆրիկայի առաջին տնտեսական ճգնաժամը։ Սրան զուգահեռ այս տարածաշրջանում խորանում է հումանիտար ճգնաժամը, ավելի ու ավելի շատ մարդիկ են գահավիժում աղքատության գիրկը։

Պարտքային պարտավորությունների աճին զուգընթաց պետություններն ավելի մեծ հավանականությամբ կսկեն դիմել խստամբեր գործողությունների (austerity measures), հատկապես՝ առողջապահության ու կրթության ոլորտներում սոցիալական ծառայությունների կրճատումների։ Պարտքի մեծ ճգնաժամը ողջ աֆրիկյան մայրցամաքը կնետի խորը սոցիալական ու տնտեսական ճգնաժամի մեջ՝ աղետաբեր հետևանքներ ունենալով գենդերային հավասարության և կանանց իրավունքների խթանման հետ կապված իրենց հանձնառությունները կատարելու՝ կառավարությունների կարողության վրա ։ Ցանկացած սցենարի պարագայում սոցիալական վերարտադրության չվճարվող աշխատանքի բեռը, որը հիմնականում կրում են կանայք, կմեծանա, քանի որ պետությունները խնամքի պատասխանատվությունը հանրային հաստատություններից կտեղափոխեն բավարար ռեսուրսներ չունեցող տնային տնտեսություններ, որոնք արդեն իսկ կքած են սոցիալական վերարտադրության ճգնաժամի տակ՝ դեռևս երեք տասնամյակ առաջ ստեղծված կառուցվածքային վերակազմավորումների ծրագրերի (structural adjustment programs) պատճառով։

Անցյալն ու ներկան

Աֆրիկայի պատմագետների ու 1980–90-ականներն ապրած միլիոնավոր մարդկանց շրջանում կարծես deja vu-ի արատավոր զգացողություն լինի։ Այդ ժամանակաշրջանի կառուցվածքային վերակազմավորումների ծրագրերը, որոնք առաջ էին մղում միջազգային ֆինանսական հաստատությունները՝ Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը, առաջնային էին դարձրել պարտքի վերադարձը։ Ծրագրերին կցված պայմաններն ուղղակիորեն հանգեցրին Աֆրիկայի «կորսված տասնամյակին», որը համալրեց Եվրոպայի գաղութային ծրագրի աղետալի հետևանքները Աֆրիկայում՝ խրելով մայրցամաքը հումքային ապրանքների արտահանումից կախվածության մեջ։

Միջազգային ֆինանսական հաստատությունների օրակարգի գլխավոր մասերից էր պետական ծառայությունների՝ ասենք առողջապահության մաղումը։ Սրա անմիջական արդյունքում աֆրիկյան պետությունների կարողությունները սկսեցին քայքայվել․ այն կարողությունները, որոնք ծայրաստիճան անհրաժեշտ էին ՔՈՎԻԴ-19-ի բերած ճգնաժամերին դիմակայելու համար։ Մալիում, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամը խրախուսել էր, որ առողջապահական ծախսերը պակասեցվեն՝ պնդելով, թե ՀՆԱ-ի 3%-ից ավելի ծախսն «անկայուն» կլինի։

Այսօր միջազգային ֆինանսական հաստատությունների ձեռքով Աֆրիկան կրկին խրվում է պարտային կախվածության մեջ։ Սա արվում է կորզիչ ֆինանսական համակարգերի նոր ձևերի միջոցով, ինչպիսին, օրինակ, Համաշխարհային բանկի՝ Մասնավորի ֆինանսավորում հանուն զարգացման օրակարգն է։ Այս օրակարգի շրջանակներում ականատեսն ենք դառնում ֆինանսական այնպիսի կազմավորումների թվի աճի, ինչպիսիք լայնորեն քննադատված՝ պետություն-մասնավոր հատված գործընկերություններն են (public-private partnerships), որոնց դերը իբրև թե՝ մասնավոր պարտքի միջոցով Աֆրիկայում զարգացումը խթանելն է։

Պարտքի մեղմացումն ընդամենը արնահոսող վերքին փոքր վիրակապ դնելու է նման

Թեև միջազգային հանրությունը, ասենք ՄԱԿ-ի հարթակից և G20-ից, ավելի ու ավելի շատ է բարձրաձայնում պարտքի մեղմացման ու ժամանակավոր սառեցումների մասին, սակայն դա բավարար չէ, քանի որ նրանց խոսքերը չունեն պարտադրանքի ուժ, որպեսզի ստիպեն մասնավոր, պետական ու բազմակողմ պարտատերերին դադարեցնել պարտքի վերադարձի գանձումները։

Մասնավոր վարկատուներն ընդհանրապես անարձագանք են թողել պարտքի մեղմացման մասին լայնատարած կոչերը։ Այս տիպի վարկատուների մասնաբաժինը ցածր ու միջին եկամուտներ ունեցող կառավարությունների պարտատուների ցանկում 2010թ․ դրությամբ 25 տոկոսից բարձրացել է 2018թ․ դրությամբ 47 տոկոսի։ BlackRock-ը՝ բազմատրիլիոնանոց դոլարային ակտիվների կառավարիչը, շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի եվրոպարտատոմսերի տեր է միայն Գանայում, Քենյայում, Նիգերիայում, Սենեգալում և Զամբիայում։ Այս մասնավոր հաստատությունները կամավոր կերպով չեն թեթևացնի պարտքի բեռը։ 2020թ․ սեպտեմբերին Մեծ յոթնյակը հայտարարեց, որ «մասնավոր հատվածի կողմից [պարտքի թեթևացման ջանքերին] կամավոր մասնակցություն չկա, ինչի պատճառով մի շարք երկրների համար հնարավոր օգուտները սահմանափակվել են»։ Մասնավոր վարկատուների ֆինանսական իշխանությունը նրանց թույլ է տալիս պատժել չվճարող երկրներին՝ անկախ սոցիալ-տնտեսական հետևանքներից։

Երկկողմ ու բազմակողմ վարկատուները հապաղել են նաև հրաժարվել գանձումներից, չնայած արտաքուստ աջակցել են այդ գաղափարին։ Չնայած միջին եկամուտներ ունեցող զարգացող երկրների արտաքին պարտքի մեծ մասը մասնավոր բանկերին է պատկանում, ցածր եկամուտներով աֆրիկյան երկրների մեծ մասն ավելի շատ պարտք վերցրել է բազմակողմ ֆինանսական հաստատություններից ու երկկողմ պարտատերերից։ 2020թ․ դրությամբ աֆրիկյան երկրների կառավարական արտաքին պարտքի 36 տոկոսը պատկանում էր Համաշխարհային բանկի ու ԱՄՀ-ի պես բազմակողմ հաստատություններին, իսկ 32 տոկոսը՝ երկկողմ պարտատերերին (միայն Չինաստանին պատկանում է նրանց պարտքի 20 տոկոսը)։

Պարտքի արդյունավետ կասեցումը պետք է պարտադիր դարձնի մասնավոր, պետական ու բազմակող պարտատերերի մասնակցությունն այդ գործընթացին։

Այդուհանդերձ, պարտքի վերադարձի սառեցումները կամ կասեցումները նման են ընդամենը ասֆալտի վրա պահածոյի տուփ գլորելուն․ շատերի կանխատեսումով դրանք ծառայում են Աֆրիկայում մասշտաբային պարտային «դիսթրեսը» հետաձգելուն։ Պարտքի կարճաժամկետ սառեցումները չեն ապահովելու ՔՈՎԻԴ-19-ից փրկվելու ու վերականգնվելու համար անհրաժեշտ ֆինանսների հասանելիություն։ Կա նաև ռիսկ, որ պարտքի մեղմացման դիմումներն իրականում հանգեցնում են վարկունակության գնահատականների նվազեցման՝ երկարաժամկետ կտրվածքով մեծացնելով հնարավոր ֆինանսավորման գինն ու սահմանափակելով պարտք վերցնելու հետագա հնարավորությունը։

Այլընտրանքներ անհնարին ընտրությանը

Աֆրիկյան պետությունները կանգնած են անբարեխիղճ երկընտրանքի առջև։ Ամինի ասած՝ «ֆինանսների նկատմամբ մենաշնորհը» ստեղծել է մի իրավիճակ, որում աֆրիկյան երկրները, իսկ ավելի ընդհանուր՝ գլոբալ հարավի երկրները, «դատապարտված են, եթե քայլ անեն, և կրկին դատապարված են, եթե քայլ չանեն»։ Ռեսուրսների կարիք կա, բայց պարտքի սպասարկմանն ուղղված ծախսերի կրճատումը կարող է հանգեցնել մոտ ապագայում որևէ հավելյալ ֆինանսավորում ստանալուց զրկվելուն, ուստի պահպանվում է ստատուս քվոն, այսինքն՝ աֆրիկյան պետությունների քրոնիկ անկարողությունը պատշաճորեն ֆինանսավորելու ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների վերացումն ու դրանից վերականգնվելը։

Այս երկընտրանքի պատճառը գլոբալ հարավի երկրների ստորադասված ինտեգրումն է գլոբալ ֆինանսական համակարգում, գաղութային ու կայսերական ճարտարապետությունը, որը շարունակում է անարդարացիորեն պարգևատրել ավելի հարուստ երկրներին։ Արդի կապիտալիզմը տալիս է պարտատիրային գերակայության թողտվություն՝ ի հաշիվ մարդկանց բարօրության ու անօտարելի սոցիալ-տնտեսական իրավունքների իրացման։ Այս համակարգը պահպանվում ու վերարտադրվում է ազգային ու միջազգային մակարդակներում՝ պահպանողական տնտեսական գաղափարախոսություններով։ Այս դրությունը հնարավոր է շրջել համախմբված գլոբալ գործողության ու համագործակցության միջոցով, որի արմատներում կլինի այս վիճակին հասցրած պատմական ուժերի մասին գիտակցությունն ու ուժային անհավասար հարաբերությունների, ինչպես նաև դրանք պահպանող մտավորական կառուցվածքների և նյութական հարաբերությունների խախտումը։

G20-ը, միջազգային ֆինանսական հաստատությունների հետ միասին, պետք է համակարգված գործողություն նախաձեռնի Աֆրիկայում պարտքը նվազեցնելու ուղղությամբ՝ պարտքի համապարփակ վերակազմավորման և վերջնական արդյունքում՝ չեղարկման նպատակով։ Պետք է ներդրվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կլինեն թափանցիկ, չեն կրի պարտատերերի ազդեցությունն ու առաջնային կդարձնեն մարդու իրավունքներն՝ իբրև ՔՈՎԻԴ-19-ից արդար կերպով վերականգնվելու մի շրջանակ։ Դրանք պետք է վերաբերելի լինեն մասնավոր, պետական ու բազմակողմ պարտապանությանը։ Ծայրահեղ շահագործող պարտատիրական պրակտիկաների դեպքում կամ այն դեպքերում, երբ պարտատերերը մեղսակից են մարդու իրավունքների խախտումների համար, պարտքերը պետք է չեղարկվեն անմիջապես ու միակողմանիորեն։

Պարտային արդարության միջազգային տեսլականը պետք է ձգտի վերահավասարակշռել գլոբալ ֆինանսական համակարգում առկա ուժային ասիմետրիան, որը խարսխված է գաղութատիրական կորզման մեջ։ Աֆրիկյան երկրները բարձրաձայնում են բարեփոխման եղանակների մասին, որոնք հիմնված են իրավունքների ու սոցիալական արդարության վրա։ Հյուսիսի պարտատերերը պետք է դրսևորեն իրական զորակցություն և միանալով նրանց՝ առաջ մղեն երկարատև լուծումներ, որոնք կկանխեն հետագայում անխելամիտ պարտատիրությունն ու պարտքի անդադար կուտակումը։

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *

Թարգմանությունների այս շարքը պատրաստվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ։ Հոդվածում ներկայացված տեսակետները, կարծիքները և եզրակացությունները կարող են չարտացոլել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տեսակետները:

--

--