Պետական պարտքի խնդրի լուծման շուրջ. Մաս 2

Ի՞նչ է պետական պարտքի վերակազմավորումը

ՍեւԲիբար
Սեւ Բիբար (Sev Bibar)

--

նկարը՝ Louis Hanselի

(Մաս առաջին)

Ի՞նչ է պետական պարտքի վերակազմավորումը

Սուվերեն պարտքի վերակազմավորումը պարտապան կառավարությանն ու իր պարտատերերին ներգրավող մի գործընթաց է՝ միտված պետական չմարված պարտային գործիքների (օրինակ՝ բանկերից կամ այլ կառավարություններից ստացած վարկերի կամ պարտատոմսերի) վերադարձի առկա պայմանների փոփոխմանը։ Այս գործընթացը ֆորմալ առումով միտված է նրան, որ պարտապան կառավարությունը հնարավորություն ստանա լուծելու վճարունակության կամ իրացվելիության (լիկվիդայնության) հետ կապված դժվարությունները, որոնք բխում են պարտքի վերադարձի ներկայիս պարտավորություններից։ Ակնհայտորեն, սա իրավական մի գործընթաց է, որի հիմքում տնտեսական ու ֆինանսական տրամաբանությունն է։ Այդուհանդերձ, այս պրակտիկան խիստ քաղաքական իրադարձություն է՝ հաճախ խարսխված ռազմավարական շահերի (оրինակ՝ Ծոցի 2003թ․ պատերազմից հետո Իրաքի պարտքի մեղմացումը),[25] բարոյական նորմատիվ նկատառումների (օրինակ՝ «իրենց չափերը չիմացող երկրները պետք է իրենց պարտքերը վճարեն»)[26] և նույնիսկ կրոնական արժեքաբանության (օրինակ՝ պարտքերը ներելու Հոբելյանական տարվա աստվածաշնչյան գաղափարի) մեջ։

Անպայման չէ, որ պարտքի լուծումն իրագործվի վերակազմավորման միջոցով․ այն կարող է նաև լուծվել պարտքի ներման/չեղարկման միջոցով, որի դեպքում պարտատերը պարզապես որոշում է չմարվող պարտքը ներել մասնակի կամ ամբողջությամբ։[28] Պարտապան պետությունը կարող է նաև միակողմանիորեն հրաժարվել վճարել պարտքը, որը նա համարում է ոչ լեգիտիմ կամ անընդունելի կամ ապօրինի, այսինքն՝ պարտք, որը կուտակել է նախորդ կառավարությունը ներպետական ու միջազգային իրավունքի խախտումով։[29] Սույն ճեպագիրը, սակայն, կկենտրոնանա պարտքի այն լուծման վրա, որը հիմնված է դրա «պատշաճ» վերակազմավորման վրա։

Պետական պարտքի նման վերակազմավորման գործողությունները որպես կանոն պատկանում են հետևյալ չորս կատեգորիաներին․

  • պարտքի կրճատում, երբ պարտային գործիքի անվանական արժեքի կրճատում է տեղի ունենում,
  • պարտքի ժամկետների փոփոխություն, երբ պարտային գործիքի վերադարձի պայմանները փոփոխվում են, օրինակ՝ պարտատոմսի վերադարձի ժամկետները հետաձգվում են՝ միգուցե ավելի ցածր տոկոսադրույքով,
  • պարտքի փոխարկում կամ փոխարինում, երբ պարտքը փոխանակվում է արժեք ներկայացնող մի բանով, օրինակ՝ զարգացման ծրագրում ակտիվներով, կլիմայի փոփոխությունը մեղմացնող ներդրումներով կամ այնպիսի ներդրումներով, որոնք ուղղված են տարրական ծառայություններ մատուցելուն, օրինակ՝ կրթությանը, կամ
  • պարտքի ստանձնում, երբ երրորդ կողմ ստանձնում է պարտքի վերադարձի պատասխանատվությունը։[30]

Անռեժիմությունն ու դրա հիմնական տարրերը

Այսօրվա դրությամբ չկա որևէ համակարգված ընթացակարգ, որի ներքո տեղի կունենան պետական պարտքերի վերակազմավորումները: Որևէ երկրի համար չկա նաև հնարավորություն, որպեսզի այն պարտքի իր ողջ պաշարը վերակազմավորի մեկ վայրում ու մեկ համապարփակ ընթացակարգի միջոցով։ Չկա նաև երկրների սնանկության օրենսգիրք, որի շրջանակներում պետությունների կկարողանան իրավական ճանապարհով սնանկ ճանաչվել․ պարտքի մեղմում կարող է տեղի ունենալ միայն պարտատերերի կամավոր համաձայնության դեպքում։

Պարտապան երկրներն, այսպիսով, ենթակա են հստակ ռեժիմի բացակայության (անռեժիմություն), այսինքն՝ գործընթացները ad hoc սկզբունքով են ընթանում, սխալների վրա են կառուցվում, առաջնորդվում են պարտատերերի կարիքներով ու շահերով, ընթանում են պարտատերերի՝ հանրային տեսանելիությունից թաքնված, ոչ ֆորմալ ու իրարից բովանդակորեն կտրտված ֆորումների դաշտում։[31] Սա նշանակում է, որ պարտքի վերակազմավորման նպատակով գերպարտապան երկրները հարկադրված են պարտատերերի հետ բանակցել գաղտնի բանակցությունների կրկնվող փուլերով, քանի որ պարտքի տարբեր կատեգորիաների պատճառով գոյություն չունի դրանց տերերի, ինչպես նաև տվյալ կատեգորիաների միջև համակագում (տե՛ս Աղյուսակ 1)։

Երբ զարգացող երկրի պարտքի կայունությունը վտանգված է, և պետական պարտքը դառնում է անկառավարելի, երկիրը կանգնում է համապարփակ իրավական շրջանակի բացակայության խնդրի առջև․ այն բախվում է տարբեր հաստատությունների, վայրերի ու կանոնակարգերի կտրտրված մի համակարգի՝ պայմանավորված իրարից տարբեր պարտատերերի գոյությամբ։ Պարտքի որոշ տեսակների համար ընդհանրապես չկա որևէ հաստատություն կամ բանակցությունների հարթակ։

Աղյուսակ 1․ Կտրտված համակարգ

Երկկողմ պարտատերերի հետ բանակցությունները

Պարտատերերի ամենաինստիտուցիոնալացված ֆորումը Փարիզի ակումբն է, որն առաջին անգամ հավաքվել է 1956 թ․՝ ի մի բերելով գլոբալ հյուսիսի 22 դոնոր կառավարություններին՝ այսպես կոչված՝ պաշտոնական, երկկողմ պարտատերերին։ Այս հարթակի տարիքը ցույց է տալիս այդ ժամանակ զարգացման ֆինանսավորման մեջ պաշտոնական վարկատուների կարևորության գերակշռումը։[32] Փարիզի ակումբում կան կանոններ, թե ինչպես և ում կարող է շնորհվել պարտքի մեղմացում, բայց միևնույն ժամանակ, դրանք խիստ ճկուն կանոններ են,[33] որոնք հանգեցնում են պարտապանների նկատմամբ ոչ հետևողական վերաբերմունքի ու համապատասխանաբար՝ քննադատության, այդ թվում՝ նաև այն պատճառով, որ ակումբն իրենից ներկայացնում է պարտատերերի «կարտել», որը նրանց շահերի համար է աշխատում։[34] Եվ իսկապես, սկզբից ևեթ այն նախատեսված է եղել որպես պահեստային լուծում այն դեպքերում, երբ որևէ երկիր բաց էր թողնում իր վճարումները․ այն նախատեսված չի եղել իբրև «պարտքի կայունությունը վերականգնելու կամ խորը պարտքի մեջ թաղված երկրների զարգացման հեռանկարը բարելավելու գործիք»։[35] Փարիզի ակումբի վերակազմավորումներն, ուստի, գտնվում են մեծ քաղաքական տիրույթում, մինչդեռ պարտքի վերակազմավորումների շուրջ մինչև օրս տեղի ունեցած բարեփոխումները հիմնականում բխել են պարտատերերի աշխարհաքաղաքական մտահոգություններից։[36]

Առևտրային պարտքի վերակազմավորում

1970-ականներին նավթադոլարներն անընդհատ շրջանառության մեջ դնելու և զարգացած երկրներում ներդրումային հնարավորությունների պակասի ետնապատկերում առևտրային բանկերի վարկերը դարձան զարգացող երկրների ֆինանսավորման ավելի կարևոր աղբյուր և հանգեցրին դրանց արտաքին պարտքի ծավալների կտրուկ աճի։[37] 1976 թ․-ից սկսած՝ մասնավոր աղբյուրներից կուտակված պարտքերի վերակազմավորումը մեծապես տեղի է ունեցել բանկերի ոչ ֆորմալ, բայց համակարգված խմբերի հետ կամավոր վերաբանակցությունների միջոցով։ Սրանց հավաքական անվանումն է՝ Լոնդոնյան ակումբ, նրանք գործունեության որևէ նորմավորված կանոնակարգ չունեն։ Այդուհանդերձ, այս ֆորումը ժամանակի ընթացքում պակաս ակտուալ է դարձել, քանի որ մասնավոր աղբյուրներից ֆինանսավորման մեջ գլխավոր դեր են ստացել պարտատոմսերը, որոնց մասնաբաժինը ցածր եկամուտ ունեցող երկրների արտաքին պարտքերում 2007–2016թթ․ ընթացքում միայն հասնել է մեկ-երրորդի։ Սակայն գոյություն չունի որևէ ֆորում, որը կարող է պարտատոմսեր գնած բոլոր պարտատերերին ստիպել մասնակցել դրան կամ հարգել վերակազմավորման որոշումները․ փոխարենը՝ պարտապան երկրի հետ բանակցություններ վարելու համար ստեղծվում են պարտատերերի ժամանակավոր և կամավոր մասնակցությամբ հանձնաժողովներ։ Այստեղ հիմնական խնդիրներից մեկը պարտապան երկրի կողմից թողարկված տարբեր տեսակի պարտատոմսային սերիաների պարտատոմսատերերի համակարգումն է, այլ ոչ միայն կոնկրետ սերիայի շրջանակներում պարտատոմսատերերի համակարգումը։ Սա առանձնահատուկ բարդություններ է ստեղծում, որպեսզի հնարավոր լինի հասնել վերակազմավորման շուրջ այնպիսի համաձայնության, որը պարտադիր կլինի բոլոր պարտատոմսային սերիաների համար։

Բազմակողմ պարտքի թեթևացման առկա թերի նախաձեռնությունները

Պարտատերերի ակումբներին լրացնելու են եկել մեկանգամյա նախաձեռնությունները, որոնք սահմանափակ թվով երկրների համար ստեղծում են պարտքի թեթևացման գործընթացներ․ կան մասնավորապես հետևյալ երկու նախաձեռնությունները՝ Խորը պարտքի տակ մնացած աղքատ երկրների նախաձեռնությունը (Heavily Indebted Poor Countries Initiative (HIPC)) և Բազմակողմ պարտքի թեթևացման նախաձեռնությունը (Multilateral Debt Relief Initiative (MDRI))։[39] Այս սխեմաների շրջանակներում մի խումբ զարգացող երկրներ ստացել են իրենց երկկողմ և բազմակողմ պարտքի գրեթե ամբողջական թեթևացում՝ անցնելով երկարատև ու ծանրաբեռնող գործընթացի միջոցով և խոստանալով իրականացնել պետական քաղաքականություններում այնպիսի միջամտություններ, որոնք իրենցից ենթադրում են խստամբերություն (austerity, ՍԲ՝ պետական ծախսային ծրագրերի խիստ կրճատում) և շուկայի ազատականացում։ Հերթական անգամ պարտատերերն են կանգնած գործընթացի ղեկին։ Այդուհանդերձ, նշանակալի է, որ HIPC նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ թեթևացվել է բազմակողմ պարտք (պարտքեր ԱՄՀ-ից, ՀԲ-ից և Աֆրիկյան զարգացման բանկից, Միջամերիկյան զարգացման բանկից)․ սրանք այն պարտատերերն են, որոնք որպես կանոն պարտքի վերակազմավորումների ժամանակ պահանջում են բացառիկ կարգավիճակ, այսինքն՝ նրանց պահանջները գործընթացից վեր են, նրանք ներքին կարգով ըմբռնվում են որպես առաջնահերթ, և ֆինանսական ճգնաժամի կամ դեֆոլտի առջև կանգնելիս պարտապան երկիրը պարտադիր կերպով պետք է վերադարձնի նախ հենց նրա՛նց պարտքը։[40] Այդուհանդերձ, MDRI նախաձեռնության դադարեցումից հետո գոյություն չունի փոխարինող որևէ մշտական հաստատություն կամ սխեմա, որի շրջանակներում բազմակողմ պարտատերերը կժողովվեն որևէ երկրի պարտքի վերակազմավորման շուրջ։

(շարունակելի)

Ծանօթագրությունների ցանկը՝ այստեղ։

* * *

Լսե՛ք «Ապրում ենք պարտքային դիստոպիայում» խորագրով պոդկաստ զրույցի երկրորդ մասն այստեղ։

* * * * * *
Թարգմանությունների այս շարքը պատրաստվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ։ Հոդվածում ներկայացված տեսակետները, կարծիքները և եզրակացությունները կարող են չարտացոլել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տեսակետները:

--

--