Պետական պարտքի խնդրի լուծման շուրջ. Մաս վերջին

Խնդրի լուծման մեխանիզմի սկզբունքները

ՍեւԲիբար
Սեւ Բիբար (Sev Bibar)

--

(Մաս առաջին)
(Մաս 2)
(Մաս 3)
(Մաս 4)
(Մաս 5)

Մինչ ներկայիս համակարգում պետական պարտքի վերակազմավորման հետ կապված առկա թերությունները ավելի ընգծված են դառնում վերը շարադրված միտումների լույսի ներքո, առավել քան երբևէ ծայրահեղ կարևոր են դառնում պետական պարտքի լուծման մեխանիզմների մշակելու ու դրանց շուրջ համաձայնության հասնելու միջազգային ջանքերը։ Դրանց համար գաղափարներ մատակարարելու ու դրանք խթանելու համար ԵՎՐՈԴԱԴ-ը վերահաստատում է ներքոշարադրյալ 10 սկզբունքները, որոնք այն առանցքային է համարում ներկայիս «անռեժիմության» թերությունները վերացնելու և պարտքի խնդրի լուծման գործուն միջազգային շրջանակ ստեղծելու համար։

Սուվերեն պարտքի լուծման բազմակողմ մեխանիզմ`
Քաղաքացիական հասարակության 10 առանցքային սկզբունքները

1․ Պարտատերերից ու պարտապաններից անկախ մարմնի ստեղծում
Պարտքի խնդրի լուծման ավելի արդար ու արդյունավետ ընթացակարգը պահանջում է այնպիսի դաշտ, որում ներգրավված բոլոր կողմերը հավասար հարթության վրա կլինեն։ Որոշումներ կայացնելու համար պետք է լինի այնպիսի մարմին, որն անկախ կլինի ցանկացած պարտատիրոջից։ Ինստիտուցիոնալ անկախությունը կլինի անաչառության հզոր երաշխիք՝ մեծացնելով ինչպես գործընթացի, այնպես էլ դրա արդյունքների լեգիտիմությունը, քանի որ կվերացվեն ներկայիս համակարգին բնորոշ շահերի բախումները, այսինքն՝ պարտատերերը չեն կարողանա այլևս սնանկության գործընթացում հանդես գալ իբրև և՛ կողմ, և՛ դատավոր։

Պարտքի խնդրի լուծման մարմինը կարող է լինել մշտական, օրինակ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո կամ կարող է լինել ժամանակավոր և ստեղծվել ըստ պահանջի։

Պետք է նաև լինի բանակցությունների միջոցով հարցը լուծելու հնարավորություն նախքան պարտադիր ուժ ունեցող գործընթացի մեկնարկը։

2․ Գործընթացը կարող է նաև նախաձեռնել պարտապանը․ պետք է գործի պարտապանի բոլոր վճարումների ինքնաբերաբար սառեցման ինստիտուտը
Պարտքի խնդրի լուծման ցանկացած մեխանիզմ պետք է պարտապան երկրներին թույլ տա դիմելու անկախ մարմնի և նախաձեռնելու պարտքի վերակազմավորման գործընթաց․ նրանք այսպես վարվելու բացառիկ իրավունք պետք է ունենան նախադեֆոլտային փուլում։ Սուվերեն պարտապանի իրավունքը պետք է լինի պարտքի վերակազմավորման գործընթաց նախաձեռնելը։ Սա պետք է համալրվի արտաքին պարտքի բոլոր վճարումների ինքնաբերաբար առկախումով, որպեսզի ապահովվի հավասար վերաբերմունք բոլոր պարտատերերի հանդեպ, և պարտապան երկիրն ունենա պարտքի կայությունը վերականգնելու հնարավորություն։ Առկախումը պետք է հաստատվի պարտքի լուծման անկախ մարմնի կողմից՝ իբրև դրա լեգիտիմության նշան․ առկախման ողջ տևողության ընթացքում պետք է գործեն թափանցիկ պայմաններ։

3․ Գործընթացի նախաձեռնումը պետք է ենթադրի պարտատերերի կողմից դատավարությունների ու հարկադիր կատարման հրամանների ժամանակավոր կասեցում
Այս ավտոմատ կասեցումը պետք է ուժի մեջ մտնի այն պահից, երբ հայտարարվում է վերակազմավորման որոշման մասին, իսկ անկախ մարմինը հաստատում է այն։ Սրա նպատակն է կանխել գիշատիչ ֆինանսական ֆոնդերի և համագործակցության չգնացող այլ վարկատուների կողմից այնպիսի դատավարությունները, որոնք հարվածի տակ են դնում վերակազմավորման բանակցությունները։ Սա նաև ամրապնդում է բոլոր վարկատուների հանդեպ հավասար վերաբերմունքը և այն ջանքերը, որոնք ուղղված են պետական ակտիվների պաշտպանության միջոցով պարտքի կայունությունը վերականգնելուն։ Նման կասեցումը պետք է ինքնին հանգեցնի արդար արդյունքների, որոնք լայնորեն ընդունված լեգիտիմություն ու աջակցություն կվայելեն, ուստի նաև ավելի երկարակյաց կլինեն։ Անկառավարելի պարտքի շուրջ շահարարքներից (սպեկուլյացիա) խուսափելու նպատակով պետք է սահմանվի, որ պարտատերերի կողմից դատավարության միջոցով վերականգնման ենթակա գումարը պետք է չգերազանցի այն գումարը, որը վճարվել է պարտքը երկրորդային շուկաներում գնելու պահին։

4․ Պարտապան երկրի պարտքի բոլոր պաշարների համապարփակ քննում միասնական գործընթացի շրջանակներում
Անկայուն պարտքի խնդրի արագ լուծումն ապահովելու և բոլոր վարկատուներին հավասար վերաբերմունքի արժանացնելու նպատակով պարտքի լուծման մեխանիզմը պետք է ապահովի, որ միասնական գործընթացի շրջանակներում քննվի երկրի պարտքի ողջ պարունակությունը։

Առկա անարդյունավետության հարցը կարելի է լուծել պարտքի բանակցությունների տարբեր հարթակների կտրտվածությունը վերացնելու, չհամակարգված ու կրկնվող բանակցությունների պատճառով խնդրի լուծման հետաձգումները կանխելու միջոցով։ Բոլոր պարտատերերի լեգիտիմ պահանջներին արդար ու հավասար վերաբերմունք ապահովելու միջոցով այս սկզբունքը կօգնի, որ ի հայտ չգան վերապահումներ կիրառող պարտատերեր և կանխվեն գիշատիչ հիմնադրամների կողմից ագրեսիվ դատավարությունները։

5․ Շահագրգիռ բոլոր կողմերի ներառում և մասնակցություն
Պարտքի վերակազմավորման ցանկացած գործընթացում մասնակցությունն առավելագույնին հասցնելը կմեծացնի գործընթացի լեգիտիմությունը, թույլ կտա բոլոր շահագրգիռ կողմերին ունենալ լսված լինելու իրավունք։ Կարևոր է, որ մասնակցեն ոչ միայն պարտապանները և պարտատերերը, այլևս անհատներ/կազմակերպություններ, որոնք կներկայացնեն պարտապան երկրի քաղաքացիներին․ ի վերջո, հենց վերջիննե՛րս են անուղղակի հայցվորներ/պարտատերերը՝ պայմանավորված պետության հետ իրենց հարաբերությամբ և ուղղակիորեն են կրում պարտքի գործընթացի հետևանքները։ Որպես կանոն, ընթացակարգը պետք է տեղի ունենա պարտապան երկրում՝ հանրային մասնակցության մեխանիզմների ապահովմամբ, ներառյալ՝ հանրային լսումների անցկացմամբ։

6․ Պարտքի կայունության և առանձին պահանջների հիմնավորվածության անկախ գնահատում
Որպեսզի չեզոքացվի ներկայիս համակարգին բնորոշ շահերի բախումը, երբ պարտատերերը հանդես են գալիս որպես և՛ պարտքի խնդրի լուծման մարմին և՛ փորձագետ-խորհրդատու, ներկայում գործածվող՝ պարտքի կայունության վերլուծությունները (DSA), որոնք սահմանում են պետական պարտապանի տնտեսական դրությունն ու տեղեկություններ ապահովում վերակազմավորման բանակցությունների համար, պետք է կազմվեն անկախ մարմնի կողմից։ Անաչառ գնահատականները պետք է ամրապնդված լինեն բազմակի աղբյուրներով, ներառյալ՝ մարդու իրավունքների վրա ազդեցության պարտադիր գնահատականներով։

Պարտք ու պահանջների վավերականության գնահատումը պետք է անդրադառնա նաև պարտքի օրինականությանն ու լեգիտիմությանը․ այս գործընթացը պետք է հարստացած լինի տեղեկություններով՝ ստացված հանրային պարտքի համալիր ու թափանցիկ աուդիտների միջոցով, որոնց պետք է կարողանա մասնակցել նաև հանրությունը։

Հայցերի լեգիտիմության անաչառ գնահատումն ու վավերականության ստուգումը կապահովեն վարկատուների տարբեր խմբերի հանդեպ հավասար վերաբերմունքը և տվյալ երկիրը գերպարտապանության մեջ գցելու համար հավասարապես պատասխանատվություն կսահմանեն ինչպես պարտապանների, այնպես էլ՝ պարտատերերի նկատմամբ։ Սա պետք է արվի հանուն նրա, որ պարտապան երկրների բնակչությունն անարդարացիորեն չպատժվի վարկատուների ու կառավարությունների անխելամիտ ֆինանսական որոշումների համար։ Հանուն վարկատուների տարբեր խմբերի միջև բեռի արդար կիսման՝ ապօրինի ու ոչ լեգիտիմ պարտքն ընդհանրապես պետք է չեղարկվի։ Սա ինքնին կհանդիսանա անպատասխանատու վարկավորման պատժամիջոց, որը խթան կհանդիսանա ապագայում պարտքային ճգնաժամերի ռիսկը նվազեցնելու ու քաղաքացիների, ինչպես նաև պատասխանատու վարկատուների ֆինանսական միջոցները պաշտպանելու համար։

7․ Մեխանիզմի կենտրոնում պետք է լինի պարտքի կայունության այնպիսի հասկացությունը, որը բնակչության կարիքները դասում է պարտքը սպասարկելուց վեր
Պարտքի կայունության ներկայիս մոտեցումները, որոնք սամանափակված են պարտքը վերադարձնելու և/կամ նոր պարտք վերցնելու մասին խիստ սուբյեկտիվ վերլուծությունների վրա, ենթադրում են միջոցների վերաբաշխման վերաբերյալ հեռուն հասնող քաղաքական դատողություններ։ Պարտքի խնդրի լուծման ցանկացած մեխանիզմի նպատակը պետք է լինի վերականգնել երկրի դիրքն այն կետում, որտեղ այն կունենա իր քաղաքացիների տարրական կարիքներն ու ծառայությունները հոգալու հարկաբյուջետային կարողությունը՝ առանց կաշկանդվելու պարտքի սպասարկումից։

8․ Հարգել մարդու իրավունքների միջազգային իրավական շրջանակներն ու զարգացման միջազգային հանձնառությունները
Պարտքի թեթևացման կամ վերակազմավորման գործընթացները չպետք է երկրին ստիպեն հրաժարվել մարդու իրավունքների պաշտպանության ու ապահովման իր պարտականություններից։

Մարդու իրավունքների վրա ազդեցության՝ գենդերային զգայունություն ունեցող գնահատականները համակարգված կերպով պետք է կիրառվեն պարտքի կայունության վերլուծություններում և ընդլայնեն դրանց կիզակետը զուտ տնտեսական նկատառումներից՝ հաշվի առնելու նաև պարտքի բեռի ազդեցությունը երկրի կողմից զարգացման նպատակներին հասնելու կարողության և մարդու համընդհանուր իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների վրա։

9․ Թափանցիկություն․ սուվերեն պարտքի վերակազմավորման բանակցությունների համար պետք է սահմանվեն ստանդարտ ընթացակարգեր, իսկ բանակցություններն ու դրանց արդյունքները պետք է հանրայնացվան
Պետք է վերջ տրվի վերակազմավորման բանակցությունները փակ դռների հետևում և ad hoc հիմունքներով անցկացնելուն, որպեսզի բարձրացվի այդ գործընթացի լեգիտիմությունն ու ապահովվեն հավասար պայմաններ։ Այն նաև կբարձրացնի մասնակիցների պատասխանատվությունն անողջամիտ վարկավորման և պարտք վերցնելու համար, ինչպես նաև կօգնի փոխհամաձայնեցված այնպիսի արդյունքներ արձանագրելուն, որոնք բխում են հանրային շահից ու ընդունված կլինեն հանրության կողմից։

Որպեսզի կառավարության կողմից վերցված որևէ վարկ կամ կառավարական երաշխիքի որևէ տեսակ պարտադիր կիրառման որոշումների ենթակա լինի, դրանց մանրամասները պետք է հանրայնացված ու արձանագրված լինեն լինեն նախապես։ Անհրաժեշտ է ստեղծել նաև պետական պարտատոմսատերերի ռեեստրներ, որպեսզի արագացվեն պարտքի վերակազմավորման գործընթացներն ու քողազերծվեն շահերի հնարավոր բախումները։ Պարտքի հետ կապված կողմերը պարտավոր պետք է նաև լինեն բացահայտել վարկային դեֆոլտային սվոփի գնալու իրենց դիրքերը։ Սուվերեն պարտապաններին իրավական ու ֆինանսական խորհրդատվություն տրամադրող խորրդատուների նշանակման ու վարձատրման գործընթացը նույնպես պետք է հանրայնացված լինի։

10. Պարտադիր կիրարկելիություն
Ներգրավված բոլոր կողմերը պետք է հարգեն անկախ մարմնի որոշումները։ Նման մարմնին իրավազորություն տալու ամենաօպտիմալ եղանակը կլինի սուվերեն պարտքի խնդրի լուծման մեխանիզմի վերաբերյալ միջազգային պայմանագրի կազմումն ու վավերացումը պետությունների մեծ մասի կողմից։ Սա, սակայն, ոլորտում առաջընթաց արձանագրելու նախապայման չէ։ Առկա մեխանիզմները (օրինակ՝ Փարիզյան ակումբը) գործում են առանց միջազգային իրավունքի հստակ մեխանիզմի։

ՎԵՐՋ

Ծանօթագրությունների ցանկը՝ այստեղ։

* * * * * *
Թարգմանությունների այս շարքը պատրաստվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ։ Հոդվածում ներկայացված տեսակետները, կարծիքները և եզրակացությունները կարող են չարտացոլել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տեսակետները:

--

--